Տորթ «Խատուտիկ»: Խատուտիկի պես նուրբ և փափուկ

Բաղադրությունը

Խմոր

  • 80 գ ալյուր,
  • 50 գ կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա,
  • 200 գ շաքարավազ,
  • 5 հատ ձու,
  • 0.5 թեյի գդալ քրքում,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ:

Կրեմ

  • 250 մլ կաթ,
  • 50 գ շաքարավազ,
  • 2 հատ դեղնուց,
  • 1 ճաշի գդալ ալյուր,
  • 1 հատ լիմոնի ցեդրա,
  • 300 մլ սերուցք (33%),
  • 70 գ շաքարի փոշի,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը և դեղնուցն առանձնացնել:

Սպիտակուցը հարել այնքան, մինչև փրփրուն սպիտակ զանգված կստացվի:

Հարված սպիտակուցի վրա մաս-մաս ավելացնել շաքարավազը: Այդ ընթացքում անընդհատ շարունակել հարել: Պետք է ստացվի կայուն սպիտակ զանգված:

Ձվի դեղնուցները հատ առ հատ ավելացնել զանգվածի մեջ՝ զուգահեռաբար հարելով: Խմորի դեղին երանգի համար քրքում ավելացնել:

Ալյուրը և օսլան խառնել, մաղել և 2 մասով ավելացնել ձվային զանգվածի մեջ: Գդալով զգուշությամբ խառնել:

Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը ու խառնել:

Ձևամանի (22սմ) հատակը ծածկել յուղաթղթով, և խմորը լցնել մեջը:

Թխել 35-40 րոպե 170 ջերմաստիճանում:

Կրեմը պատրաստելու համար թավայի մեջ լցնել կաթը, 1 լիմոնի ցեդրան և եռացնել: Հետո քամել, որպեսզի ցեդրան կաթից առանձնանա: Կաթը թողնել, որ սառչի:

Առանձին թավայի մեջ դեղնուցը շաքարավազի հետ տրորել, ավելացնել ալյուր, խառնել, ու աստիճանաբար ավելացնել կաթը:

Այս զանգվածը դնել կրակին ու եփել, այնքան մինչև զանգվածը կպնդանա: Եփելիս անընդհատ խառնել: Իսկ հետո լցնել առանձին ամանի մեջ, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ հովանա:

Սառը սերուցքը հարել: Սկզբից հարել ցածր արագությամբ, իսկ հետո հարիչի արագությունը աստիճանաբար ավելացնել: Սերուցքի մեջ մաս-մաս ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել: Սա մոտ 5 րոպե կտևի:

Սերուցքով զանգվածի վրա մաս-մաս ավելացնել եփովի կրեմը ու հարել:

Բիսկվիթի վերևի հատվածը կափարիչի պես կտրել: Բիսկվիթի մեջ խմորը փորել: Այդ դատարկ հատվածում լցնել կրեմը, ու առանձնացված «կափարիչ» շերտով ծածկել: Կրեմից նախապես մի փոքր առանձնացնել տորթի վրա քսելու համար:

Բիսկվիթի միջին հատվածից առանձնացված խմորի կտորները ձեռքով մանրացնել:

Բիսկվիթը կարող եք թրջել որևէ ցիտրուսային լիկյորով, կամ ըստ ցանկության այլ օշարակով:

Տորթը ծածկել կրեմով, խմորի կտրոներով/փշրանքներով ձևավորել:

2 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում