Յուրօրինակ տորթ «Կնոջ մատիկներ»

Բաղադրությունը

Խմոր

  • 4 հատ ձու,
  • 1 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ ջուր,
  • 1/4 թեյի գդալ աղ,
  • 100 գ կարագ կամ մարգարին:

Կրեմ

  • 500-550 գ թթվասեր (20% և ավել յուղայնությամբ),
  • 1 բաժակ շաքարավազ:

Լրացուցիչ

  • 100 գ կաթնային շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Հաստ հատակով թավայի մեջ լցնել ջուրը, փափուկ կարագը, աղը և խառնել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ կլուծվի:

Հենց զանգվածը սկսի եռալ, ավելացնել մաղված ալյուրը ամբողջությամբ և արագ խառնել:

Ստացվում է համասեռ խմոր: Խմորը լցնել այլ ամանի մեջ և թողնել, որ հովանա:

Երբ խմորը բավականաչափ կհովանա և գոլ կլինի, հատ առ հատ ավելացնել ձուն և խառնել: (Եթե խմորը բավականաչափ հովացած չլինի, ձուն ավելացնելիս եփվածի պես կլինի, և վերջնական խմորը չի ստացվի)

Արդյունքում ստացվում է կպչուն խմոր:

Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ, և «մատիկների» պես կտորներ առանձնացնել՝ դնելով յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի վրա: Եթե խոհարարական պարկ չկա, կարելի է գդալի օգնությամբ ձևավորել «մատիկները»:

Թխել 10 րոպե 200 ջերմաստիճանում: 10 րոպե անց ջերմաստիճանը նվազեցնել 180 և այդպես թխել մոտ 15-20 րոպե: «Մատիկները» ստանում են ոսկեգույն երանգ:

«Մատիկները» թողնել, որ սառչեն:

Կրեմը պատրաստելու համար թթվասերի կեսը խառնել շաքարավազի կամ շաքարի փոշու հետ, 10 րոպե թողնել, որ շաքարավազը սկսի լուծվել, հետո ավելացնել թթվասերի մնացած մասը և հարել:

Ձևմանը (24սմ) ծածկել սննդային տոպրակով: «Մատիկները» թաթախել կրեմի մեջ և շարել ուղղահայաց դիրքով: Ձևամանի մեջտեղի հատվածում կրեմ քսել, և կրեմով թաթախված «մատիկները» հորիզոնական ուղղությամբ դնել մեջտեղի հատվածում:

Այսպես դասավորել բոլոր «մատիկները»: Վերին շերտն ամբողջությամբ ծածկել կրեմով:

Կրեմից մի փոքր պահել:

Տորթը դնել սառնարանում 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի:

Վերջում հանել ձևամանը և սննդային տոպրակը, իսկ պահված կրեմը քսել տորթի կողքերին: Տորթը ձևավորել հալեցրած շոկոլադով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում