Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է` Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Հարության տոնին նախորդող երեկոյան մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ, որով եկեղեցին ավետում է բարի լուրը՝ Քրիստոսի հարությունը։ Պատարագի ավարտին հավատացյալներն իրենց հետ եկեղեցուց ճրագ են տանում տուն, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը։ Այսպիսով ավարտվում է 48 օրյա Մեծ պահքը, որը լուծվում է ձկան, ձվի և յուղի համտեսմամբ։
Հաջորդ առավոտյան բոլոր եկեղեցիներում ժամերգություն է կատարվում, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական պատարագ:
Այս տոնին բոլոր հավատացյալներն իրար ողջունում են «Քրիստոս հարիավ ի մեռելոց» ավետելով, պատասխանում` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Զատկի տոնին ներկված ձուն խորհրդանշում է հարությունն ու նոր կյանքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի մարդկության փրկության համար թափած արյունը: Առնելով կարմիր ներկած ձուն ձեռքերի մեջ` մարդը հռչակում է իր փրկությունը: