Ելակով թխվածք
Բաղադրիչներ
- 200 գ կաթնաշոռ
- 120 գ կարագ
- 2 հատ ձու (ձու+ սպիտակուց խմորի համար, դեղնուց՝ թխվածքի մակերեսին քսելու համար)
- 40-50 գ շաքարավազ
- +/- 230 գ ալյուր
- 1 ճաշի գդալ օսլա
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- 400 գ ելակ
Պատրաստման եղանակը
1 Կաթնաշոռը և փափուկ կարագը պատառաքաղով տրորել:
2 Ավելացնել ձուն և սպիտակուցը ու խառնել:
3 Ալյուրը մաղել, մի մասը լցնել կաթնաշոռով զանգվածի մեջ, ավելացնել փխրեցուցիչ, աղ և կրկին խառնել: Խառնելիս զուգահեռաբար ավելացնել ալյուրի մնացած մասը:
4 Այնուհետև խմորը ձեռքով տրորել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
5 Խմորը ծածկել և 20 րոպե դնել սառնարանում:
6 Միջուկի համար ելակը լվանալ և ոչ մեծ կտրոներով կտրել:
7 Խմորը հանել սառնարանից, տրորելով երշիկի տեսք տալ և բաժանել 8 հավասար մասի:
8 Յուրաքանչյուր մաս լոշիկի տեսքով գրդնակել (մոտ 15 սմ տրամագծով):
9 Յուրաքանչյուր լոշիկի մեջտեղում օսլա լցնել և հավասարեցնել: Սա նրա համար է, որ ելակի հյութը չծորա:
10 Օսլայի վրա դասավորել ելակների կտրոները, և լոշիկի ծայրերը միմյանց կպցնել, բայց այնպես, որ մեջտեղի հատվածը չփակվի: Մեջտեղի բաց հատվածում ելակի վրա 1 թեյի գդալ շաքարավազ լցնել:
11 Թխվածքների վրա դեղնուց քսել:
12 Թխել 180 ջերմաստիճանում մոտ 25 րոպե: Ջեռոցի ամանը նախապես ծածկել յուղաթղթով;
13 Մատուցելիս կարելի է թխվածքների վրա շաքարի փոշի շաղ տալ: