Լիմոնով տորթ: Փափուկ, անուշաբույր և նուրբ

Բաղադրությունը

Խմոր

  • 170 գ ալյուր,
  • 170 գ շաքարավազ,
  • 40 գ կարտոֆիլի օսլա,
  • 5 հատ ձու,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 1 հատ լիմոնի ցեդրա:

Կրեմ

  • 500 գ թթվասեր,
  • 180 գ շաքարի փոշի,
  • 0.5 հատ լիմոնի հյութ:

Օշարակ

  • 100 գ շաքարավազ,
  • 120 մլ ջուր,
  • 0.5 հատ լիմոնի հյութ:

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը և դեղնուցը տարանջատել:

Սպիտակուցը հարել միջին արագությամբ, և հենց սկսի փրփրել, աստիճանաբար շաքարավազ ավելացնել: Զանգվածը լավ հարել, մինչև կայուն կդառնա:

Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցը՝ զուգահեռաբար հարելով:

Ալյուրը, փխրեցուցիչը և օսլան մաղել, մաս-մաս ավելացնել զանգվածին: Լիմոնից առանձնացնել ցեդրան, լցնել այս զանգվածի մեջ, և ամենը լավ խառնել:

Ձևամանի (24սմ) մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 180-190 ջերմսատիճանում 30-35 րոպե:

Օշարակը պատրաստելու համար լիմոնի հյութը, շաքարավազը և ջուրը եռացնել, թողնել, որ հովանա:

Խմորը թողնել, որ հովանա և բաժանել 2 հավասար մասի:

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է խիտ թթվասեր: Եթե խանութից գնված թթվասերը խիտ չէ, ապա այն կարելի է լցնել կտորի (марля) մեջ և մի քանի ժամ թողնել, որ միջից ավելորդ հեղուկը դուրս գա:

Թթվասերը և շաքարի փոշին հարել կամ խառնել, ավելացնել լիմոնի հյութը և կրկին խառնել:

Տորթը հավաքելու համար յուրաքանչյուր շերտին օշարակ և կրեմ քսել: Ամբողջ տորթը ծածկել կրեմով և զարդարել կոնֆետով կամ ըստ ցանկության:

Գոնե 1 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում