Շոկոլադե կրեմով շոկոլադե տորթ

Բաղադրությունը

Խմոր

  • 125 գ ալյուր,
  • 125 գ շաքարավազ,
  • 5 հատ ձու,
  • 20 գ կակաո,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ:

Կրեմ

  • 200 գ կարագ,
  • 200 գ եփած խտացրած կաթ,
  • 80 գ կակաո,
  • 50 գ ձեթ:

Օշարակ

  • 100 գ շաքարավազ,
  • 100 գ ջուր,
  • 1-2 ճաշի գդալ կոնյակ:

Լրացուցիչ

  • 100-130 գ շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և միասին հարել այնքան, մինչև կստացվի փրփրուն և սպիտակ զանգված:

Մաղել ալյուրը, ավելացնել կակաո, փխրեցուցիչ և խառնել: Այս զանգվածն ավելացնել ձվով զանգվածի մեջ և հարել:

Ձևամանի (18-20սմ) հատակը և կողքերը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել մեջը և թխել 35-40 րոպե 170 ջերմաստիճանում:

Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը, ավելացնել եփած խտացրած կաթը և միասին հարել: Կակաոյի մեջ ձեթ ավելացնել, միասին խառնել, իսկ հետո ավելացնել խտացրած կաթով զանգվածի մեջ և հարել:

Օշարակը պատրաստելու համար ջրի մեջ շաքարավազ լցնել և եփել այնքան, մինչև շաքարավազը կլուծվի: Թողնել, որ սառչի, հետո ավելացնել կոնյակը:

Խմորը թողնել, որ հովանա, և բաժանել 3 մասի:

Բոլոր շերտերը թրջել օշարակով, հետո կրեմ քսել:

Տորթն ամբողջությամբ ծածկել կրեմով և ձևավորել հալեցրած շոկոլադով և շոկոլադի կտորներով:

Տորթը ողջ գիշեր թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում